«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Արգամ Այվազյանի հինգ նոր աշխատությունները

Արգամ Այվազյանի հինգ նոր աշխատությունները
18.05.2013 | 11:45

Գրողների տանը հայագետ-նախիջևանագետ, մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանի 2012-ին հրատարակած աշխատությունների շնորհանդեսն էր:

Նախիջևանի պատմական գավառների պատմության և մշակույթի, արվեստի ու հուշարձանների վերաբերյալ Արգամ Այվազյանի հրապարակումները, որոնք բացառիկ աղբյուրագիտական հետազոտություններ են, կատարվում են 1965-66 թթ-ից ի վեր: Նրա ավելի քան 200 ուսումնասիրությունները, որոնցից 34-ը լույս են տեսել առանձին գրքերով (նաև անգլերեն և ռուսերեն), փաստված են բազմահազար փաստավավերագրական լուսանկարներով, չափագրություններով և բազմազան այլ նյութերով, որոնք գրեթե ամբողջությամբ հայագիտությանն են ներկայացվել առաջին անգամ:
Ընթերցողի սեղանին են` «Ագուլիսի բարբառի մասունքներ», «Հայ հնատիպ գրքի մանրանկարման մի եզակի օրինակ», «Մեզ պետք են մտքի զորավարներ», «Նախիջևան.Հայկազունք, կենսագրական հանրագիտարան», «Մշակութային արժէքների Գալֆաէան հավաքածոյի արձանագիր իրերը» գրքերը:
«Ագուլիսի բարբառի մասունքները» ընդգրկում է Ագուլիսի կամ զոկական բարբառի, բառամթերքի ու բառագանձի գրական - գեղարվեստական,դրամատուրգիայի ու ազգագրական նյութեր, որոնց 80 տոկոսը հրատարակվում են առաջին անգամ:
«Հայ հնատիպ գրքի մանրանկարման մի եզակի օրինակ» աշխատության մեջ գիտահանրամատչելի շարադրանքով ներկայացված է հայ հնատիպ գրքագիտության պատմության համար մի եզակի օրիակի` Վենետիկում 1680-ին տպագրված Ավետարանը 1770-ական թվականներին Զաքարիա դպիրի կողմից մանրանկարելու հանգամանքներն ու արվեստը: Առաջին անգամ առդիր տպագրված են Ավետարանի 214 էջերի մանրանկարները:
«Մեզ պետք են մտքի զորավարներ» հատորում տեղ են գտել Հայաստանի, այդ թվում նաև Նախիջևանի պատմության և մշակույթի, հասարակական- քաղաքական, հանրային և բազմաթիվ այլ խնդիրներ շոշափող հեղինակի 1965-2011 թթ. մամուլում հրապարակած հրապարակախոսական, մատենախոսական հոդվածներն ու հարցազրույցները, բնագրագիտական հրապարակումները:
«Նախիջևան. Հայկազունք, կենսագրական հանրագիտարան» հատորը ներառում է Նախիջևանի գավառներում ծնված կամ արմատներով այդտեղից սերող պատմական, մշակութային, հոգևոր ու աշխարհիկ, գիտության ու արվեստի և այլ բնագավառների նշանավոր գործիչների հանրագիտարանային կենսագրականները:
«Մշակութային արժէքների Գալֆաէան հավաքածոյի արձանագիր իրերը» (հայերեն, անգլերեն) ուսումնասիրությունը ներկայացնում է Հունաստանում գտնվող մասնավոր` Գալֆայանների կիրառական արվեստի հավաքածոյի արձանագիր իրերը: Առաջին անգամ հրատարակվող մշակութային արժեքներից 180-ը ներկայացված են իրենց արձանագրություններով:

Ինչպես իր խոսքում նշեց մշակույթի նախարարության Գրքի և հրատարակչության կենտրոնի ղեկավար Էդուարդ Միլիտոնյանը, այս աշխատանքները կարևոր են և գիտական, և քաղաքական տեսակետից, քանի որ Ադրբեջանի և Նախիջևանի իշխանությունները վերջին տարիներին ծրագրավորված կարգով հիմնահատակ ավերել են մեր ժողովրդի ստեղծած հարուստ ժառանգությունը:

Ինչպես գիտենք, անհատ խաչքարագործերը կրկնօրինակում են Ջուղայի խաչքարերը, պարոն Այվազյանից հետաքրքվեցի` ի՞նչ նպատակ ունի գործընթացը և ի՞նչ է մեզ մնացել` Ջուղայի ոչ թե «կրկնօրինակված» այլ իրական պատմությունից: Հայագետը նշեց, որ Ջուղայի գերեզմանատան և եկեղեցու շուրջ եղած 4500 խաչքարերը ամբողջովին ոչնչացվել են, բայց մինչ այդ` խորհրդային և նախախորհրդային տարիներին որոշ քանակություն տեղափոխվել էին: Նմուշներ կան Լենենգրադի պետական էրմիտաժում, Հայաստանի պատմության թանագարանում, Էջմիածնի Մայր տաճարի բակում, գինու գործարանի մառաններում և այլ տեղերում: Տեղափոխված խաչքարերի թվաքանակը 30-ից չի անցնում:
Ինչ վերաբերում է կրկնօրինակման աշխատանքներին, մոտ երեք տարի առաջ Գյումրիում 20 խաչքարերի կրկնօրինակներ են արվել, տեղադրվել են քաղաքի Ամենափրկիչ եկեղեցու մերձակայքում (տարածքը կոչվում է խաչքարերի պուրակ): Դրանից հետո կրկնօրինակման աշխատանքեր են արվել Երևանում և այլուր:
«Երևի պատահական չէ, Գյումրիի Ամենափրկիչ եկեղեցին ավերված Անիի մայր եկեղեցու կրկնօրինակն է` ճարտապետական տեսակետից, որը փաստորեն կործանված Անի քաղաքի հուշ-հիշատակի նման մի բան էր: Եվ էլի Գյումրիիում նախատեսված էր 100 խաչքարի կրկնօրինակում իրականացնել, առայժմ 20-նն է արված, կշարունակվի ծրագիրը, թե ոչ` չգիտեմ»,-ասաց Արգամ Այվազյանը:
Այս ենթատեքստում մեկ այլ հարց է առաջնում` ինչի՞ համար է կրկնօրինակման այս փորձը, պատմության տխուր հիշողությունը սերունդներին փոխանցելու միտումը, երբ այսօր հուշարձաններ են ոչնչացվում մեր հանրապետության տարածքում: Ի՞նչ է արվում դրանց պահպանությունը իրականացնելու համար:
«ժամանակ առ ժամանակ այս կամ այն բնակավայրում ականատես ենք լինում հուշարձանների պահպանական գոտիներում անթույլատրելի շինարարությունների իրականացման, հուշարձանների աղավաղման, գանձագողության և այլ դեպքերի, ինչը պատիվ չի բերում մեր պետությանը, բազմադարյան մշակույթ ունեցող մեր ժողովրդին»,-ասաց Արգամ Այվազյանը, նշեց նաև, որ շատ սակավ` մոտ 200-ի չափ պահապաններով ողջ հանրապետության տարածքում հուշարձանների պահպանության գործը իրականացնելը շատ դժվար է: Նրա տեղեկացմամբ` ամեն գյուղում առնվազն 20-100 հուշարձան կա, մեկ պահապանը իրականցնում է 5-10 բնակավարի պահանությունը, որը անհնար է:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4333

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ